Рубрика: Ուսումնական նյութեր

Վիլյամ Սարոյան. «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Рубрика: Ծրագիր

Մայրենի լեզու. ծրագիր

Մայրենի լեզու

Հիմնական կրթություն. կրտսեր դպրոց 4-5-րդ դասարան

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը: Լեզուն շարունակ զարգանում է, ունի անհատական դրսևորումներ, որի զարգացումը և կատարելագործումը մայրենի դասընթացի հիմնական խնդիրներից է: Մայրենի լեզվի միջոցով անհատը հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն, ինքնադրսևորվում։

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • Յուրաքանչյուրը (անհատը, ընտանիքը, դպրոցը, պետությունը) պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր, միջոցներ (թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նյութեր, որոնք նպաստում են լեզվի զարգացմանը)
  • լեզվի միջոցով մարդու փորձի, աշխատանքային գործունեության արդյունքի հանրայնացում և փոխանցում (ֆիզիկական և մեդիամիջավայրի միջոցով):

Լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`

  • մայրենի լեզվի կարևորության գիտակցմանը
  • մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը
  • մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների ընդարձակում.
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Ուսուցման միջավայրը

  1. Նյութական միջավայրը`
  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով,  անհատական համակարգիչներ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.
  • ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
  • դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.
  • քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.
  • հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

2. Մեդիամիջավայրը`

  • անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
  • դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.
  • հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր
  • կրթահամալիրի մեդիագրադարան
  • Ուսումնական TV և ռադիո խմբագրություններ
  • mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագրեր
  • վիրտուալ պահոցներ և ցանցեր (Soundcloud,  wordpress, YouTube, facebook,  googledrive, slideshow  և այլն).

 

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները`

  • համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ),
  • տեսագրող, ձայնագրող,լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

  • տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
  • թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
  • աուդիո-տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
  • աուդիո-տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

Դասավանդողի, դասարանի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի, դասվարի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ուսումնական կայքեր (վերնագրեր, հղումներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր, առաջադրանքների փաթեթներ և ընթերացարաններ, մեթոդական հոդված, թարգմանություն.
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` հեռավար մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ՝

  • Սովորողը` սկսած 3-րդ դասարանից, ստեղծում և վարում է իր ուսումնական բլոգը: Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.
  • դասավանդողի բլոգը
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….
  • սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…)

Մայրենիի ուսուցումը կազմակերպվում է գրավոր և բանավոր խոսքի միջոցով

Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան դասավանդողը հեղինակային նախագծերը հրապարակում է իր բլոգում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքից առաջ հրապարակում է նաև օրվա անելիքը` անհրաժեշտ առաջադրանքներով, ուսումնական նյութերով և հղումներով, ինչպես նաև առանձին սովորողներին ուղղված լրացուցիչ առաջադրանքներով:

Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո-տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:

Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
— մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
— համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
— նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։

Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:

Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
  • հետաքրիր, ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը , հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք.

  • մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում,
  • հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի,
  • ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք,
  • լրագրողական հետաքննություն և այլն.

ը) ինքնաստուգում, ստուգում: 

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

  • սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.
  • վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը
  •  աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,
  • ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.
  • ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:
  • Բառապաշարի հարստացմանը

Ուսումնական նյութը պետք է.

  • համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ
  • լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.
  • պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)
  • անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Գնահատումը

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթանն է ։ Ուսումնական գործընթացում գնահատման չափանիշները անփոփոխ են ու բխում են սովորողի առաջընթացի շահերից։ Գնահատման նպատակը սովորողի ձեռք բերած կարողությունները, ձեռբերումները գրանցելու և բացթողումներն ու թերացումները շտկելու համար են։

Անհատական ուսուցման դեպքում, գնահատման չափանիշներն ու մոտեցումները նույնպես ուղղված են սովորողի անհատական զարգացմանը։ Դրանք ավելի շատ արդյուքների գրանցման նպատակ են հետապնդում։ Ամենակարևորը գնահատումը գնահատանիշի հետ չշփոթելն է, գնահատանիշը ծնողի և ուսուցչի ձեռքին լծակ չդարձնելը։ Սովորողը պետք է գիտակցի, որ կարևորվում է իր ամենօրյա ջանքը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը։ Չի խրախուսվում , հետապնդվում է՝ծուլությունը, անպատասխանատվությունը, թափթփվածությունը, նմանակումը։ Այստեղ ոչ մի դեպքում վրիպել չի կարելի։ Չսովորող անտարբերը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ներառվելով, ոչ թե պատժվելով կամ ձևական, անբավարար գնահատանիշ ստանալով։ Ես տվյալ դեպքերում հետամուտ եմ լինում, որ յուրաքանչյուրը աշխատի, ներկայանա իր հնարավորությունների չափով։

Կարևորվում է սովորողների մոտ ինքնագնահատման, ինքնավերահսկման կարողությունների  զարգացումը։ Այս հմտությունները կրտսեր տարիքից պետք է ձևավորել։ Դասավանդողներն ու ծնողները այս հարցում կարևոր անելիք ունեն ու պետք է համագործակցեն։

Սովորողը գնահատվում է

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:  Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման:

Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ`

Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը` նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:

4-5 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքները։

6-7 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքները։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն երկու-երեք նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին, առցանց քննարկումներին:

8-9 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքները։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն  երեք-չորս նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին, ստուգատեսներին, առցանց դասերին ու քննարկումներին (չունենա կոպիտ սխալներ)։ Մայրենիի պարապմունքի ընթացքում սեփական նախաձեռնությամբ ընտրի և կատարի մայրենիի բլոգում տեղադրված լրացուցիչ-ստեղծագործական աշխատանքները: Պատրաստի ռադիոնյութեր, ֆիլմեր :

10 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքները։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն  չորս-հինգ նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին (մշտապես), ստուգատեսներին, առցանց դասերին ու քննարկումներին (գրի անսխալ)։ Մայրենիի պարապմունքի ընթացքում սեփական նախաձեռնությամբ ընտրի և կատարի մայրենիի բլոգում տեղադրված լրացուցիչ-ստեղծագործական աշխատանքները: Պատրաստի ռադիոնյութեր, ֆիլմեր :

Սովորող գնահատականները արտացոլվում են էլեկտրոնային մատյանում, որը հասանելի է բոլոր ծնողներին և սովորողներին, իսկ տարին ամփոփվում է էլեկտրոնային ամփոփաթերթում:

Դասընթացի բովանդակություն՝

Նախագծեր. 4-5-րդ դասարաններ

Ուսումնական գրականություն

 

Рубрика: Նախագծեր, Առաջադրանքներ

Վիլյամ Սարոյան․ «Առաջին օրը դպրոցում»

220px-saroyan_portrait2abԱռաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

 

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բառարանի  օգնությամբ բացատրի՛ր։

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ որդի, տհաճ, ճանապարհ, արտասվել, անճոռնի և կազմի՛ր նախադասություններ։

3. Գրի՛ր՝ որդի, որովհետև, երգեր, ետևից, որդին, որևէ բառերում և բառաձևերում քանի հնչյուն, քանի տառ կա։

Ուշադրություն դարձրո՛ւ բառերի գրությանը։

 

 

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր ի՞նչ հարցին պատասխանող տասը բառ։

2. Գտի՛ր ջղային, անձայն, մաստակ բառերի հոմանիշները տեքստում։

3. Դո՛ւրս գրիր հինգ բառ, որոնք լսվում են մի կերպ, գրվում՝ այլ կերպ։

 

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին։

1. Գրի՛ր հաճելի, բարձրանալ, տխրել, լիքը բառերի հականիշները և կազմի՛ր նախադասություններ։

2. Դո՛ւրս գրիր հինգ ուղղագրական դժվարություն ունեցող բառ( լսվում է մի կերպ, գրվում՝ այլ կերպ)։

Рубрика: Նախագծեր

Սարոյանական օրեր

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 10-28

Մասնակիցներ՝ 4-1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, տարածել Վ․ Սարոյանի գործերը, բացահայտել Սարոյանի  ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։

Խնդիրները՝

Սարոյանական բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/

Սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն, լավատեսություն․․․

Ուումնական փաթեթ.  4-րդ դասարան

Վիրավոր առյուծն ու կրիան

Նապաստակն ու առյուծը

Առաջին օրը դպրոցում,

Ծիրանի ծառը,

Ես

Рубрика: Առաջադրանքներ

Հարցաշար

Փորձի՛ր պատասխանել հարցերին(գրի՛ր բլոգում)։

2019 թվի ամռանից ի՞նչ ամսաթիվ կմնա քո հիշողության մեջ և ինչո՞ւ:

Ամռան ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել:

Ամռան ընթացքում ի՞նչ անհաջող օր ես ունեցել:

Ամռան ընթացքում նվեր ստացե՞լ ես:

Ի՞նչ նոր ու հետաքրքիր ֆիլմեր ես նայել ամռանը:

Ամռան ընթացքում ճամփորդե՞լ ես:

Կարոտե՞լ էիր դպրոցդ և ընկերներիդ:

Ի՞նչ զվարճալի դեպք է պատահել քեզ հետ ամռանը:

Ամռան ընթացքում նոր ընկերներ ունեցե՞լ ես:

Արձակուրդներին իջե՞լ ես բակ խաղալու: Եթե այո, ի՞նչ խաղեր ես խաղացել:

Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենաանհետաքրքիր գիրքը:

Ի՞նչ էիր ուզում անել այս ամռանը, բայց չստացվեց:

Ի՞նչ գույնով կբնութագրեիր այս ամառը:

Երեք բառով բնութագրիր քո ամառը: